Իմ մասին

gb

Լուսանկարչությամբ հետաքրքրվում եմ արդեն երկար տարիներ։ Սակայն միայն վերջին մի քանի տարին, 2010-ից սկսած, այն ինձ համար դարձել է ավելին, քան ուղղակի հոբբի։
Լուսանկարչի մասնագիտությանը, նրբություններին ու առանձնահատկություններին ինքնուրույն եմ ծանոթացել։ Փորձերի, սխալների ու կրթվելու այս երկար ճանապարհին սովորել եմ նաեւ գնահատել անհավանկանորեն գեղեցիկ, հետաքրքրաշարժ երևույթներն ու մանրուքները, որոնք աշխարհը տալիս է մեզ՝ առանց որևէ ակնկալիքի: Ֆոտոխցիկի միջոցով փորձել եմ «որսալ» մեզ շրջապատող բնությունը, մեր նախնիներից ստացած ժառանգությունը, այն ամենն, ինչ միշտ պետք է արժևորվի:
Հիշողության, զգացողությունների, անգամ՝ տեղանքի այս փոքրիկ պատառներն օգնում են ինձ աշխարհի գեղեցկությունը ցույց տալ մյուսներին: Բացի այդ, ես սկսեցի աշխարհը տեսնել այլ աչքերով. թե ինչպես է կարող պատուհանից ներս սողոսկող առավոտյան լույսն այդչափ գեղեցիկ լինել, թե ինչպես են ստվերները քայլում սարի լանջով և ինձ աչքով անում, ասես կենդանի են, կամ թե ինչպես ամեն պարզ բան կարող է կախարդական դառնալ:
Ահա թե ինչու եմ ուզում անել այն, ինչ անում եմ: Ահա թե ինչու եմ ես լուսանկարիչ: Հուսով եմ՝ դուք էլ նույնքան մեծ բավականություն կստանաք իմ աշխատանքներից, որքան ես ստացել եմ դրանք ստեղծելիս: